28/05/2011 11:21
Պարային ու համերգային ծրագրերն այսօր առատ են
Մայիսի 28-ին` Հանրապետության օրը, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Հայաստանում և Արցախում:
«Այս օրը, ինչպես բոլորս գիտենք խորհրդանշական է. միասին կտոնենք մեր առաջին հանրապետության անկախության օրը, ինչպես նաև Կարինի` Իսպանիայում անցկացված աշխարհի ազգային պարերի փառատոնում ունեցած հաջողությունները»,- ասվում է միջոցառման մասին տեղեկացնող հաղորդագրության մեջ:
<Մեր պարերը և մենք> ծրագիրը կմեկնարկի ժամը 19:00-ին` Կասկադին հարող հրապարակում, մուտքն ազատ է բոլորի համար:
Սոցիալական ցանցերում արդեն ավելի, քան 1000 հոգի «այո» է ասել միջոցառմանը մասնակցելուն, շատերն էլ առանց սոցցանցերի, պարզապես նեկա կգտնվեն ու մի քանի ժամ շարունակ կպարեն հայ ազգագրական պարեր:
Ազատության հրապարակում արդեն ժամը 21:00-ին տեղի կունենա KOHAR համերգային ծրագիրը` հայկական գրեթե բոլոր աստղերի մասնակցությամբ: Համերգի մեկնարկը կտրվի «Պապենական Կիլիկա» երգով` երաժշտությունը` Արմեն Մարտիրոսյանի, խոսք` Քրիստ Մանարյանի:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը ևս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպում է միջոցառումներ: Դրանք տեղի կունենան ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, և յուրքանաչյուր շրջանում երկու ժամ տևողությամբ ծրագրեր կլինեն:
Մարզերում և Արցախում հիմնականում դպրոցականների մասնակցությամբ Հանրապետության օրը նշանավորող համերգներ են կազմակերպվել: Օրինակ, Շուշիում, ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց բնակիչներից մեկը, առավոտվանից երկու դպրոցներում հանդեսներ են եղել, իսկ երեկոյան պատրաստվում են գնալ Ստեփանակերտ` տոնական հանդիսությունների: