31/05/2011 18:42
Համագործակցություն` ի նպաստ համայնքի
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ), որն իրականացնում է Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Տավուշի մարզում խմելու ջրի համակարգի վերականգնման երկու ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի հայատանյան մասնաճյուղի տնօրեն Զորան Ռադիչը: Արարողությանը ներկա էին ծրագրերի իրականացման ազգային և միջազգային գործընկերները և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Փաստաթղթի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում գյուղական համայնքների հզորացմանը` շեշտը դնելով այդ համայնքներում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ժամանակավոր զբաղվածության ստեղծման և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վրա:
ՓԵՎԾ-ը և ՄԱԶԾ Հայաստանը համատեղ ծրագրեր են իրականացնելու Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ոսկեվան համայքներում: Խմելու ջրագծերը այդ համայնքներում կառուցվել են ավելի քան 50 տարի առաջ և լուրջ վերանորոգման ու բարելավման կարիք ունեն: Համակարգում առկա ջրի կորուստը հնարավորություն չի տալիս ապահովել այդ համայնքներում կանոնավոր ջրամատակարում: Այգեպարում և Ոսկեվանում 2,5 կմ և 4 կմ երկարությամբ խողովակաշարերի, ինչպես նաև դրանց համապատասխան ենթակառուցվածքների վերակառուցումը մշտահոս խմելու ջրով կապահովի համայնքի բնակիչներին:
Ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ՄԱԶԾ-ը տրամադրելու է անհրաժեշտ խողովակները, իսկ Սի Էյջ Էֆ-ը իր տեղական գործընկեր «Շեն» ՀԿ-ի հետ կատարելու է ամբողջ շինարարական աշխատանքները, համայնքի համախմբումը, ինպես նաև հետևելու է ծրագրերի ժամանակին և պատշաճ կերպով իրականացմանը:
«ՄԱԶԾ-ը Հայաստանում գործում է ազգային, մարզային և տեղական մակարդակներում` ապահովելով թիրախային մոտեցում երկրի զարգացման մարտահրավերներին: ՄԱԶԾ օրակարգի առաջնահերթ խնդիրներից է սահմանամերձ համայնքների կարիքներին համապատասխան գործունեության ծավալումը և այդ համայնքների բնակիչներին տարրական ենթակառուցվածքներով ու ծառայություններով ապահովումը: Սի Էյջ Էֆ-ի հետ համատեղ աշխատելով մենք կարող ենք բարելավել Այգեպար և Ոսկեվան համայնքների բնակիչների կենսամակարդակը»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Փոխըմբռնման հուշագրի ստրագրումը Սի Էյջ Էֆ Ինթերնեյշնլի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջև հաջողված համագործակցության շարունակությունն է: 2010թ. ՓԵՎԾ-ն և ՄԱԶԾ-ն վերակառուցել են Տավուշի մարզի Սևքար համայնքի մանկապարտեզը, իսկ ՓԵՎԾ-ն և Համաշխարհային պարենի ծրագիրը (ՀՊԾ) համատեղ իրականացրել են ջրամատակարարման համակարգերի վերականգնման 12 ծրագիր Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Այդ ծրագրերից 4-ը դեռևս գտնվում են իրականացման փուլում:
Իր խոսքում Սի Էյջ Էֆ-ի տնօրեն Զորան Ռադիչը նշեց. «ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված ՓԵՎԾ-ը նմանատիպ ծրագրերի համեմատությամբ առավելություններ ունի, քանի որ այն համախմբում է մի շարք գործընկերների ջանքերը մեկ նպատակի շուրջ: Մինչ օրս Սի Էյջ Էֆ-ը կարողացել է ձեռք բերել տարբեր պետական և ոչ պետական կառույցներից 1.5 մլն ԱՄՆ դոլարին համապատասխան ներդրում ՓԵՎԾ-ի իրականացման համար, ի հավելումն ԱՄՆՄԶԳ-ի կողմից տրամադրած 3.5 մլն ԱՄՆ դոլարի: Այս երկու ծրագրերի իրականացումը միջազգային համայնքի համատեղ ջանքերի ներդրման մեկ այլ լավ օրինակ է` ի շահ Այգեպարի և Ոսկեվանի բնակիչների»: