02/06/2011 17:42
Յովանովիչն ու Մովսիսյանը հուշագիր են ստորագրել
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին:
Այս փոխըմբռնման հուշագրով սահմանվում է գիտելիքների ու փորձաքննության փոխանակման շրջանակը ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Հայաստանում ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպես նաև այդ ռեսուրսների պատասխանատու և կայուն զարգացման ու շահագործման ասպարեզում:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխըմբռնման հուշագիրը նաև ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների ծառայության ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, այդ թվում այրվող թերթաքարների պաշարների համատեղ գնահատման ու տեխնիկական ուսումնասիրությունների հնարավորություն է նախատեսում:
Դեսպան Յովանովիչը նշել է, որ գոհունակություն է հայտնում, որ նախարար Մովսիսյանի հետ ստորագրում է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև լրացուցիչ համագործակցության մասին այս փաստաթուղթը, որը կօգնի ուսումնասիրել ու զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները: