02/06/2011 10:29
Ռուսաստանն արգելել է բանջարեղեն ներմուծել Եվրամիության երկրներից
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Եվրամիության երկրներից թարմ բանջարեղենի ներմուծումը: Ինտերֆաքսի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Օնիշենկոն:
«Այսօր առավոտվանից ուժի մեջ կմտնի Եվրամիության բոլոր երկրներից թարմ բանջարեղենի ներմուծման արգելքը: ԵՄ երկրներում արտադրված թարմ բանջարեղենի շրջանառությունը կարգելվի ողջ Ռուսաստանի տարածքում»,- հայտարարել է Օնիշենկոն:
Ավելի վաղ` մայիսի 30-ից, Ռուսաստանն արգելել էր թարմ բանջարեղենի ներմուծումը միայն Իսպանիայից և Գերմանիայից:
ԵՄ-ից թարմ բանջարեղենի ներմուծումն արգելելու պատճառը ԵՄ երկրներում աղիքային ինֆեկցիայի բռնկումն էր: Այսպես, օրինակ, Գերմանիայում Իսպանիայից ներկրված վարունգից տարբեր տվյալներով մահացել է 2-12 մարդ:
Վարակի նախանշաններով դեպքեր արձանագրվել են նաև Չեխիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում: