02/06/2011 11:45
«Նաիրիտի» համար փնտրվում է միջազգային կառավարիչ
«Նաիրիտ» գործարանի համար հայտարարվել է կառավարման օպերատորի ընտրության մրցույթ: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց գործարանում տիրող իրադրությունը:
Նրա խոսքով, գործարանի հիմնական արտադրանքը քլորոպրենային կաուչուկներ և լատեքսներ են, որոնք ինքնարժեքի 70-80 % էներգակիրներն են: Գործարանում աշխատում է 3074 մարդ: 2006-2007 թթ. մասնավորեցումից հետո ամենաշատ արտադրանքը 2007-2008 թթ-ին է եղել, երբ գազի գինը 57 դոլար է եղել: Ըստ նախարարի, հետագայում գազի գնի թանկացումը յուրաքանչյուր անգամ բացասական ազդեցություն է ունեցել «Նաիրիտի» վրա:
Ա. Մովսիսյանի խոսքով, գլխավոր խնդիրը քլորոպրենային կաուչուկի արտադրությունն է, որը բարդացավ միջազգային շուկայում նավթամթերքի թանկացմամբ. «Վերջնակետը 2008 թ. միջազգային ճգնաժամն էր, որի ժամանակ ողջ քիմիական ոլորտը կոլապսի մեջ հայտնվեց»:
Նախարարը հայտնեց, որ նոր զարգացման ծրագիր է մշակվել, որը տեղադրված է նախարարության կայքում, որով փնտրվում է միջազգային օպերատոր. «400-500 մլն դոլարի ներդրումներ են պետք և այնպիսի օպերատորներ, որ այսօրվա շուկայում կարող են գործ ունենալ նման մեծ ֆինանսական ներդրումների հետ»: Մրցույթի ժամկետը լրանում է հունիսի 15-ին:
Ներկայում «Նաիրիտում» կան 4 սերնդի սարքավորումներ, որոնց մեծ մասը բարոյապես մաշված է, հին, որոնք չի կարելի օգտագործել տեխնոլոգիական գործընթացներում: Ստեղծված է եռաստիճան հանձնաժողով, որը ստուգում է սարքավորումների վիճակը:
«Նաիրիտում» այժմ կա 4 ամսվա աշխատավարձի պարտք: Ա. Մովսիսյանը վստահեցրեց, որ այս ամիսների ընթացքում փորձել են հնարավորինս պահել գործարանի աշխատակազմը: Գործարանի արտաքին պարտավորությունները 120-130 մլն դոլար է կազմում:
Ա. Մովսիսյանը հայտարարեց, թե ստիպված է «հիասթափեցնել» բոլորին, ով կարծում է, թե «Նաիրիտի» հիմնական բաժնետերերը կապ ունեն ՀՀ իշխանությունների հետ: Նա հույս հայտնեց, թե դեռ կարելի է այս իրավիճակից դուրս բերել գործարանը:
«Տարբեր տիպի մեկնաբանություների դեմն առնելու լավագույն ձևը թափանցիկության ապահովումն է»,- նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ այս ամենի մասին պետք է տեղյակ պահել միջազգային կազմակերպություններին, Եվրոբանկին, ԱՄՀ-ին, որպեսզի օգնեն «միջազգային լուրջ կազմակերպություն ներգրավենք այս աշխատանքներին և կարողանանք այս իրավիճակից գործարանը դուրս բերել»: