02/06/2011 16:19
ԱԷԿ. Անվտանգության առումով աննախադեպ ոչինչ չկա
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարությամբ միջուկային տեղակայանների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբը (OSART) մայիսի 16-ից ստուգումներ էր իրականացնում հայկական ատոմակայանի շահագործման անվտանգության վիճակի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խմբի ղեկավար Գաբոր Վամոսը հայտնեց, որ ստուգումն ընդգրկել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կառավարումը և կազմակերպական կառուցվածքը, ուսուցումը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը, տեխնիկական աջակցությունը, շահագործման փորձը, ռադիացիոն պաշտպանությունը և անցումը շահագործման փուլից շահագործումից դուրս բերելու փուլ:
«Այս փուլում միայն մի քանի նկատառումներ կան, առաջարկությունների փաթեթը դեռ վերջնականապես պատրաստ չէ: Այն 3 ամսից կներկայացվի կառավարությանը»,- ասաց Գ. Վամոսը:
Նա հայտնեց, որ աննախադեպ ոչինչ չեն հայտնաբերել ՀԱԷԿ-ում: Ընդհանուր նշվել են 23 առաջարկներ և խորհուրդներ: Խումբը նշել է այն ոլորտները, որտեղ ԱԷԿ-ը կարող է բարելավել անվտանգությունը: Մասնավորապես, առաջարկվել է, որ կայանը պետք է կատարելագործի շրջայցերի իրականացման կարգը` սարքավորումների թերությունների հայտնաբերումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, կայանում վերանորոգման աշխատանքների իրականացման գործելակերպը, որը ներառում է ընթացակարգի ճշգրիտ կատարում և պատշաճ գործիքների օգտագործում, պետք է բարելավվի համապատասխան որակ և սարքավորումների անվտանգ ու հուսալի աշխատանք ապահովելու համար:
«Կայանը զգալի աշխատանք է կատարում անվտանգության ապահովման ուղղությամբ»,- փաստեց Գ. Վամոսը:
OSART-ի առաջարկությունները պետք է 18 ամսում կատարվեն, որից հետո ստուգվելու են այդ հանձնարարականների կատարման ստուգումները: