Հայկական ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետը լրանում է 2016 թ-ին: Սակայն ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ մինչև նոր հզորություններ մուտք չգործեն երկրի էներգետիկ համակարգ, ՀԱԷԿ-ը չի փակվելու:
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո աշխարհում խստացվել են ատոմակայանների հանդեպ պահանջները, իսկ որոշ երկրներ հայտարարել են, որ որոշակի ժամկետներում լիովին հրաժարվելու են միջուկային էներգիայից: Մասնավորապես` Գերմանիայի կառավարությունը որոշել է մինչև 2022 թ. դադարեցնել երկրում առկա բոլոր ատոմակայանների շահագործումը, իսկ էլեկտրաէներգիայի պակասը, որ կառաջանա ԱԷԿ-ներից հրաժարվելու դեպքում, նախատեսվում է լրացնել այլ աղբյուրներից:
Aysor-ի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ երբևէ Հայաստանը նույնպես հրաժարվի միջուկային էներգիայից, Ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը նշեց. «Իմ կարծիքով` ոչ: Ամբողջ աշխարհը, այդ թվում` Հայաստանը, պետք է գնա նոր միջուկային էներգաբլոկների կառուցման ճանապարհով: Եվ դա կապ չունի, թե Ճապոնիայում ինչ տեղի ունեցավ»:
Վ. Պետրոսյանի խոսքով, պարզապես կխստացվեն ԱԷԿ-ների հանդեպ պահանջները` նախագծային, տեխնիկական, տեխնիկական շահագործման, բայց մարդկությունը պետք է գնա այդ ուղղությամբ. «Այլ ելք չկա»:
Վ. Պետրոսյանը ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում փակել հայկական ԱԷԿ-ը, «որովհետև մեր երկրի էներգետիկ անվտանգությունը պետք է ապահովված լինի, ինչը հնարավոր չէ առանց ԱԷԿ-ի»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: