07/06/2011 14:03
Ազգային ժողովի Պատվո մեդալ` ազգային բարերար Ալբեր Բոյաջյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական և հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Բարերարին հանձնելով ԱԺ բարձրագույն պարգևը` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Հարգելի պարոն Բոյաջյան,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Շատ ուրախ ենք հյուրընկալել մի մարդու, ով իր անուրանալի ներդրումն ունի հայոց անկախ պետականության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Դուք կազմակերպիչն ու մասնակիցն եք բազմաթիվ հայանպաստ ձեռնարկների և մշտապես թիկունք եք կանգնել համազգային գաղափարների իրականացմանը թե' Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում, և թե' Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանպաստ ու հայապահպան գործունեությանը»:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության 20-ամյակը` ԱԺ նախագահն ասաց, որ անկախության հռչակումով առավել ևս պարտադրված ենք միասնականության, որովհետև պետության անկախության հարատևման հիմնական երաշխիքը ժողովրդի միասնությունն է: Կարևոր չէ, թե որտեղ են գտնվում այդ ժողովրդի հատվածները` Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, թե Սիրիայում, որովհետև կա նրանց միավորող և միևնույն ժամանակ քաջալերող անկախ հայրենիքը:
«Դուք մեր ժողովրդի այն զավակներից եք, ով մշտապես գիտակցում է հայրենիքի շահը, երբեք չի մոռանում իր արմատները, միաժամանակ մնալով այն երկրի օրինապաշտ ու լիարժեք քաղաքացի, որտեղ ապրում և գործում է` դրանով իսկ կամրջելով միջպետական կապերը: Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների առկա բարձր մակարդակի ապահովման մեջ նշանակալի է նաև Ձեր անձնական դերակատարությունը,- դիմելով բարերարին` ասաց Հովիկ Աբրահամյանը:»Հարգելի պարոն Բոյաջյան, Ձեր ծառայությունները մատուցելով հայրենիքին, Դուք բնավ չեք ակնկալել որևէ փոխհատուցում` գիտակցելով, որ անկախ գտնվելու վայրից, հայրենիքին սատար կանգնելն ու նրա հզորացմանը նպաստելը յուրաքանչյուր հայի սրտի թելադրանքն է»:
ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով Ալբեր Բոյաջյանին` հայանպաստ ու ազգանվեր գործունեության համար և շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ բարձրագույն պարգևն իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններից բարերարի ստացած բարձր պարգևների շարքում:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով բարձր պատվի և պարգևի համար` Ալբեր Բոյաջյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակել մասնակցություն ունենալ հայրենիքի և հայ ժողովրդի հզորացմանն ուղղված ծրագրերին: