07/06/2011 12:00
Փորձագետ. «Սա այն մահակն է, որը թափահարում, սակայն չի հարվածում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը խոսեց Իսրայելի Քնեսետում հայոց ցեղասպանության հարցի քննարկման խնդրի շուրջ և տեղեկացրեց, որ մայիսի 18-ին հարցը քննարկվել է և այժմ հարցը գտնվում է Քնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում:
«Սխալ որոշումներից է, Հայոց ցեղասպանության խնդիրը սպորտային խնդիր չէ»,- շեշտեց բանախոսը և հավելեց, որ նախկինում Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում էր միջազգային հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովում և տապալվում էր, քանի որ այնտեղ էին կենտրոնացված այնպիսի մարդիկ, որոնք ներկայացնում էին իսրայելական գեներալների կազմը, որոնք էլ կապեր ունեին թուրքական կողմի հետ:
Նրա կարծիքով, թուրքական լոբբինգի արդյունքում էլ հարցը հիմնականում դուրս էր մղվում հանձնաժողվի քննարկումից: Այստեղ մեծ կապ կա Թուրքիայի հետ, թուրք-իսրայելական հարաբերությունները այն միակ խոչընդոտն են, որ Հայոց Ցեղասպանության հարցը մինչև այժմ չէր քննարկվում:
Ըստ Ա. Սիմավորյանի, վերջին շրջանում Թուրքիան մեծացրել է իր ակտիվությունը Մերձավոր Արևելքում: Վերջին տարիներին սուր բնույթ է կրում Թուրքիայում հակասեմիտիզմի դրսևորումները հակահայկականության կողքին, և վերջին շրջանում մեծ քանակով հրեաներ լքել են Թուրքիան:
Չնայած թուրք-իսրայելական հարաբերությունները չվտանգելու համար հիմնականում Հայոց Ցեղասպանության հարցը չէր քննարկվում Քնեսետում, սակայն փորձագետի համոզմամբ նաև կա Ցեղասպանության տաբու լինելու հանգամանքը:
«Այս հարցը անընդհատ ձգձգման պատճառ կդառնա, որովհետև հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, որը առանձնապես համակրանք չունի մեր նկատմամբ»,- հաղորդեց Ա. Սիմավորյանը և նշեց, որ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելով, հրեաների մոտ կարծրատիպ է քանդվում, որ Հայոց Ցեղասպանություն նույնպես տեղի է ունեցել: Սակայն փորձագետի համոզմամբ, Ցեղասպանության հարցը հաղթաթուղթ է Իսրայելի ձեռքին. «սա այն մահակն է, որը թափահարում, սակայն չի հարվածում»: