07/06/2011 10:14
Մշակվել է ՀՀ և ԵԽ համագործակցության 3-րդ ազգային ծրագիր
Մշակվել է Հայաստանի և Եվրախորհրդի համագործակցության 3-րդ ազգային ծրագիրը, որի մանրամասները հստակեցնելու նպատակով այս ամսվա ընթացքում ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել:
«Ավանդույթ ունենք և շուրջ 15 տարի տեղական ինքնակառավարման մարմինների ամբողջ պատմության ընթացքում համագործակցում ենք ԵԽ հետ, և ԵԽ-ն մեզ տեխնիկական, իրավական օժանդակությունն է ցույց տալիս մեր համակարգի կայացման օգնության և ճիշտ ուղիներ նախանշելու կապակցությամբ: ՏԻՄ զարգացման կառավարության որդեգրած ուղղությունները քննարկվում են և նաև ներկայցվում են ԵԽ-ին` հետագա համագործակցության ակնկալիքով»,- Aysor-ի հետ զրույցում նշեց ՏԿ փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նրա խոսքով, ԵԽ հետ համագործակցության 2 ազգային ծրագրերը հաջողությամբ իրականացվել են, այժմ մեկնարկելու է 3-րդ ծրագիրը: Ըստ Վ. Տերտերյանի, գործողությունների պլանն այն հայտն է, որ մեր երկիրն անում է ԵՄ-ին, ԵՀ-ին և այս զարգացման համաձայնեցված տարբերակի պայմաններում այդ միջազգային կառույցները պատրաստակամ են օժանդակել ՀՀ-ին: Վ. Տերտերյանը հույս հայտնեց, որ առաջիկայում նաև ֆինանսական օժանդակության խնդիրներ կլուծվեն ԵՄ հետ ՀՀ փոխհարաբերություններում, դրանք բավականին ինտենսիվացել են հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում:
«Ծրագիրը շատ մանրակրկիտ քննարկել ենք ԵԽ հետ, շատ արժեքավոր գաղափարներ ենք ստացել իրենցից, ընդունում և ողջունում են մեր բոլոր ուղղությունները, պատրաստակամություն են հայտնել փորձագիտական, իրավական խորհրդատվության օժանդակություն տրամադրել մեզ: Բրյուսելից վերադառնալուց հետո որոշակի հստակություն կլինի»,- ասաց Վ. Տերտերյանը: