08/06/2011 16:50
Բ. Սահակյան. Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նախագահ Սահակյանը, կրկին անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետ քաշման հարցին, ընդգծել է, որ դա կհանդիսանա փոխվստահության միջոցների իրականացման կարևոր բաղադրամասերից մեկը և դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա:
Նախագահը մեկ անգամ ևս ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է ակնկալել որևէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և պաշտոնատար այլ անձինք: