08/06/2011 12:21
Խաղաղապահության համար. Օբաման պարգևատրել է Մերկելին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն պարգևով: Այս մասին հղում անելով ABCnews-ին հաղորդում է rbc.ru կայքը:
Սպիտակ տան ներկայացուցիչները հաղորդում են, որ Ա. Մերկելը Ազատության շքանշանը ստացել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը հավաստում է, թե Բ. Օբաման բարձր է գնահատել Ա. Մերկելի քաղաքականությունը և նշել է, որ Մերկելը «ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում և իրեն նույնպես»:
Սպիտակ տան ղեկավարի խոսքերով, Գերմանիայի կանցլերը ստացել է այս շքանշանը, քանի որ «շատ բան է արել աշխարհի համար, լինելով մարդու իրավունքների և արժանապատվության վառ պաշտպան»:
Նշենք, որ Ազատության շքանշանը ԱՄՆ բարձրագույն պարգևն է, որը շնորհվում է այն անձանց, որոնք մեծ ավանդ են ներդրել խաղաղապահ և մշակութային գործունեության մեջ:
Ի դեպ` խաղաղապահության թեմայով։ Ավելորդ չէ հիշեցնել, որ կոնգրեսականներ Ջոն Մաքքեյնը և Ջոն Քերին Կոնգրեսի քննարկման էին ներկայացրել մի բանաձև, որով կոչ էր արվում նախագահ Օբամային մանրամասն տեղեկություններ ներկայացնել Կոնգրեսին Լիբիայում ԱՄՆ-ի գործողությունների ընթացքի վերաբերյալ:
ԱՄՆ Սահահմանադրության համաձայն, պատերազմ հայտարարելու գերակա իրավունքը պատկանում է Կոնգրեսին, և առանց Կոնգրեսի համաձայնության ԱՄՆ նախագահը կարող է զորքերը պատերազմ ուղարկել միայն 2 ամիս ժամկետով:
Մի քանի օր առաջ ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է բանաձև, որում քննադատության է ենթարկել Օբամային առանց լուրջ պատճառներին ԱՄՆ-ին Լիբիայի դեմ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար և պահանջել Սպիտակ տնից երկշաբաթյա ժամկետներում նշել ռազմական գործողությունների նպատակները և արժեքը: