09/06/2011 18:04
Ադրբեջանում չեն պաշտպանում ձերբակալված հավատացյալներին
Վերջին շրջանում Ադրբեջանում սաստկացել են մուսուլման հավատացյալների նկատմամբ բռնությունները: Նրանց զանգվածային կարգով ձերբակալում ու բանտ են նստեցնում: Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի քարտուղար Ռահիմա Դադաշովան հայտարարել է, որ այդ մարկանց ձերբակալել են ոչ թե հավատացյալ լինելու, այլ երկրի օրենքը խախտելու համար: Ալլահշուքյուր Փաշազադեի գրասենյակի մամուլի քարտուղարի այս հայտարարությունը զայրացրել է ադրբեջանցի հավատացյալներին:
Իրանական «Aran» լրատվական գործակալությունը մեջբերում է Կրոնի ու խղճի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ, Բաքվի կենտրոնական մզկիթի առաջնորդ Հաջի Իլգար Իբրահիմօղլուի խոսքերը.
«Այս խոսքերը սրտի ցավով լսեցի: Շատ անհավասարակշռված հայտարարություններ էին: ԿՄՎ աշխատակիցները գոնե արտաքուստ պետք է պահպանեն կոռեկտությունը: Հիջաբի արգելման դեմ բողոքելու համար ձերբակալվածները բանտարկվել են հավատի համար: Ալլահի ճանապարհը բռնած մարդկանց չպաշտպանելը ամենամեծ բարոյական հանցագործությունն է: Եթե չեն պաշտպանում, գոնե թող լռեն»: