09/06/2011 18:12
Հաստատվել է Սերոբ Տեր-Պողոսյանի մեղադրական եզրակացությունը
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.-Գ. Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող
ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.-Գ. Տեր-Պողոսյանի մեղադրական եզրակացությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս.-Գ. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով` տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում, կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար, նրանց անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ օգտագործելով անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը` զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով»:
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով), վերաորակվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով):
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: