09/06/2011 17:26
Թուրքիան չի փակի սահմանը սիրիացի փախստականների առջև
«Թուրքիան չի փակի սահմանը հարյուրավոր փախստականների առջև, որոնք փորձում են փրկվել Սիրիայում բռնկված հուզումներից»,- BBC հեռուստաընկերության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հունիսի 8-ին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Էրդողանի խոսքերով` ինքը մեծ ուշադրությամբ և անհանգստությամբ է հետևում Սիրիայի ներքաղաքական իրադարձությունների զարգացմանը: Նա Սիրիայի առաջնորդին կրկին անհապաղ կերպով բարեփոխումների իրականացնելու կոչ է արել:
Նշենք, որ նախօրեին թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ջիսր Ալ-Շուղուլ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տեղի ապստամբները սպանել են 120 սիրիացի իրավապահների, Սիրիայից ավելի քան 120 փախստականներ անցել են միջպետական սահմանը՝ վախենալով, որ սիրիական բանակը պատժիչ գործողություններ կսկսի քաղաքում:
Փախստականներին տեղավորել են Հաթայի նահանգում` Կարմիր խաչի ճամբարի վրաններում, որը պատմական Ալեքսանդրետի սանջակն է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով` հուզումների սկզբից Սիրիայից Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 420 փախստական, մինչդեռ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, փախստականների թիվը հասնում է 1000-ի: