09/06/2011 09:56
Գյուղատնտեսություն. Չունեցած հարսով լավություն չես անի
Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Բագրատ Մարգարյանը Aysor-ի հետ զրույցում հայտնեց, որ երկարատև անձրևների` գերխոնավության, հետևանքով մարզում հիմնականում տուժել են կորիզավոր ծառապտուղները` ծիրանենիները և դեղձենիները, և վնասի չափը 652 մլն 325 հազար դրամ կազմում է կազմում։ Կարկտահարությունից տուժել են մարզի 13 համայնքներ, վնասի չափը կազմել է 211 մլն 40 հազար դրամ: Ընդհանուր վնասը, մասնագետների գնահատմամբ` 863 մլն 466 հազար դրամ է:
Բագրատ Մարգարյանը հաղորդեց նաև, որ կարկուտը վնասել է մարզի խաղողի այգիները, հատկապես` մարզի Աղավնաձոր գյուղն է խիստ տուժել, որտեղից մոտ 2 հազար տոննա խաղողի բերք էին սպասում, սակայն այս տարի լավագույն դեպքում 800 տոննա հազիվ լինի:
Նա նշեց նաև, որ այս պահին էլ հնարավոր է կարկուտ գա և բերքի ակնկալիքները փոփոխության ենթարկվեն:
«Մարզում հակակարկտային կայան չկա, նախատեսված է, որ պետք է տեղադրեն»,- դժգոհեց Բագրատ Մարգարյանը և հավելեց, որ ինքը 30 տարի «այս համակարգում» է և այսպիսի տարի չի հիշում:
Կարկտահարության հետևանքով ծառապտուղն ու ցանքատարածությունները մեծ վնասներ են կրել: Հունիսի 7-ին կարկտահարվել է նաև Թալինի տարածաշրջանը` «բյուրեղյա ապակու նման հատիկներով»: Ականատեսներից մեկը հաղորդեց, որ կարկուտը անսովոր խոշոր էր` սկզբում կեռասի մեծության ու տևել է մոտ 10 րոպե:
Նշենք փաստը, որ վնասներ են կրել նաև այն համայնքներն ու մարզերը, որտեղ կան հակակարկտային կայաններ։
Հետաքրքիր նկատառում. «այսքան վնաս», «այնքան վնաս» գնահատականները հարցադրման տեղիք են տալիս, թե` իսկ արդյո՞ք նպատակահարմար չէ գոնե մի անգամ այդ գումարով հակակարկտային համակարգ ձեռք բերել։
Ասենք ուղղակի` ՈՉ, քանի որ վնասը չգնած ու չկերած բերքի տեսքով է` ոչ ոք չի պատրաստվում վնասները փոխհատուցել։