10/06/2011 15:33
Այս պահին ամենահակազդող կողմն Ադրբեջանն է
«Համանախագահների վերջին հայտարարությունը պարզապես ցանկություն էր, որ նախորդ տարիների կատարված ախատանքն ամփոփվեր ինչ-որ մի հանգրվանում, երևի ավելի շատ ցանկությունների և, այսպես արձանագրենք, հորդորների մակարդակի վրա էր, քան ինչ-որ վերջնաժամկետի»,- Aysor.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսպես մեկնաբանեց ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը:
Նրա խոսքով` ակնհայտ է, որ այս պահին ամենահակազդող կողմը Ադրբեջանն է, որը, պարզ է` չի ցանկանա, որ ԼՂՀ-ն` որպես ինքնուրույն կողմ, մասնակցի բանակցություններին:
«Բայց կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ պայմանավորված է Ադրբեջանի ցանկություններով, և ինչպես արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր փաստաթղթերում` Բուդապեշտի գագաթաժողովի որոշման մեջ, կարծում եմ` վաղ թե ուշ, Ղարաբաղն անպայման մասնակցելու է բանակցություններին»,- ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը:
Աշոտ Ղուլյանը նկատեց նաև, որ այդ մասին արձանագրվեց ԼՂՀ նախագահի ու համանախագահների վերջին հանդիպման ժամանակ, որտեղ նշվեց, թե Ղարաբաղի մասնակցությունը տեսնում են գործընթացի բոլոր փուլերում:
Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների ընդունմանն ու Ադրբեջանի սադրիչ գործողություններին` ԼՂՀ ԱԺ նախագահն ասաց, որ իրենք ամեն ժամ պատրաստ են դիմակայելու այդ սադրանքներին ու կարծում է, որ «նախորդ ամիսներին եղած սադրանքներն ու համարժեք պատասխանները պիտի ինչ-որ տեղ դաս լինեին Ադրբեջանի համար»:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից դեռևս 2008թ. վերջին եղել է քաղաքական ուժերի համատեղ հայտարարություն, որտեղ մենք նշել ենք, որ վերապահումներ ունենք այսպես կոչված մադրիդյան սկզբունքների հետ կապված, բայց քանի որ դրանք նույնպես անընդհատ փոփոխվող փաստաթուղթ են, շատ դժվար է ասել` այսօր ինչ իրավիճակում են դրանք: Այդ դիրքորոշումը չի փոխվել, մենք այդ վերաահումները պահպանում ենք, բայցև հասկանում ենք, որ այսօր բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, որ կողմերի համար ընդհանուր հետաքրքրություն ունի, դա է»,- եզրափակեց նա: