10/06/2011 11:14
Բաքուն որոշել է բարձրացնել ՌԴ-ի համար Գաբալայի վարձակալման գինը
Ադրբեջանը մտադիր է պահանջել ՌԴ-ից ավելի շատ վճարել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման համար: Այս մասին հղում անելով «Նովոստի Ազերբայջան»-ին հաղորդում է lenta.ru կայքը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի խոսքերով, ՌԴ-ը ցանկանում է երկարացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետները և նրանք պատրաստ են քննարկել տվյալ համագործակցությունը, բայց պայմանները պետք է վերանայվեն, և ռուսները պետք է ավելի շատ վճարեն:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման գործող համաձայնության ժամկետները լրանում են 2012թ.-ի դեկտեմբերին:
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը գործում է 1980-ական թթ.-ի կեսերից և հետևում է բալիստիկ հրթիռներին Հնդկական օվկիանոսի ավազանում:
Վարձակալման արժեքը կազմում է տարեկան 14 միլիոն դոլար:
Նշենք, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Դմիտրի Դորոխինը նշել է, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը պաշտպանում է ՌԴ անվտանգությունը, իսկ Մոսկվայի և Բաքվի միջև գոյություն ունի բեղմնավոր համագործակցություն համաձայնագրի պայմանների կատարման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ 2009թ.-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան հույս ունի շարունակել Գաբալայի ռադոլոկացիոն կայանի շայագործումը 2012թ.-ից հետո ևս:
2007թ.-ին ՌԴ առաջարկել էր ԱՄՆ-ին Գաբալայի կայանի համատեղ շահագործումը Իրանի գործողություններին հետևելու համար, որպես այլընտրանք հակահրթիռային համակարգի ստեղծմանը Եվրոպայում: