10/06/2011 12:17
Վրաստանը լրացուցիչ ստորաբաժանում կուղարկի Աֆղանստան
2012թ.-ին Խաղաղության աջակցման միջազգային ուժերի(ISAF) կազմում խաղաղապահ գործողություններ իրականացնելու համար Աֆղանստան է ուղարկվելու երկրորդ վրացական ստորաբաժանումը: Այս մասին հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Դեվիդ Պետրեուսի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 8-9 ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում տեղի ունեցած պաշտանության նախարարների հավաքի ընթացքում:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է Աֆղանստան լրացուցիչ ստորաբաժանում ուղարկելու հարցը:
Գեներալ Պետրեուսը ողջունել է այս քայլը, նշելով, որ դա կլինի Վրաստանի կողմից մեծ ներդրում համաշխարհային անվտանգության համար, ինչպես նաև վրացի զինվորականները կստանան հազվագյուտ փորձ:
Հանդիպմանը Վրաստանի պաշտպանության նախարարը և գեներալ Պետրեուսը քննարկել են նաև Վրաստանում ՆԱՏՕ-ի ստանդարտներով տարածաշրջանային կրթական կենտրոն ստեղծելու հարցը: Գեներալ Պետրեուսը ողջունել է այս նախաձեռնությունը, որի գլխավոր նպատակը միջազգային գործողություններից առաջ զորավարժությունների անցկացումն է զինվորականների շրջանում:
Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Պետրեուսը նշել է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծման հարցը կքննարկի ամերիկյան զինվորականների հետ: