10/06/2011 10:33
ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ի բանաձևում գտել է Քադաֆիին վերացնելու թույլտվություն
Լիբիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թույլ է տալիս հարվածներ հասցնել անմիջականորեն Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին: Այս մասին ՍիԷնԷն-ին (CNN) հաղորդել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորական, որը ցանկացել է անհայտ մնալ:
Սա նմանատիպ առաջին հայտարարությունն է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կողմից: Մինչ այդ, Լիբիայի դեմ ռազմական գործողություններին մասնակցող երկրները պնդում էին, որ նրանց օդուժի հարվածների նպատակը ոչ թե կոնկրետ մարդիկ են, այլ ռազմական թիրախները:
Նշենք, որ մարտի 15-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մեջ նշվում է, որ համաշխարհային հանրությունը կարող է ձեռք առնել բոլոր միջոցները Լիբիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար, բացի ցամաքային գործողություններից:
Քադաֆիի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող շրջանների ռմբակոծությունը սկսվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից 2 օր անց:
Այդ ժամանակվանից Լիբիայի մայրաքաղաքաք Տրիպոլիի և կոնկրետ Քադաֆիի նստավայրի ռմբակոծությունները կրում են հաճախակի բնույթ:
Հիշեցնենք, որ Լիբիայի կոնտակտային խմբի անդամ-պետությունները, որոնց մեջ են մտնում 22 պետություն, այդ թվում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կատարը և Միացյալ Արաբական Էմիրությունները հունիսի 9-ին Աբու-Դաբիում հանդիպման ընթացքում պահանջել են լիբիական ընդդիմությունից ներկայացնել Քադաֆիի կամովի կամ ստիպողաբար հեռացման մանրամասն ծրագիրը: