10/06/2011 12:10
Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, հունիսի 6-9-ը գտնվել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում եւ Երեւանում: Համանախագահներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համանախագահները առանձին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ»,- ասվում է տարածած հայտարարությունում:
Նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի եւ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական այս փուլում Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետ քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են հարատև խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու և դրանց հավանություն տալու համար, ինչպես ասված է մայիսի 26-ին Դովիլում նախագահներ Դ. Մեդվեդևի, Բ. Օբամայի և Ն. Սարկոզիի ընդունած հայտարարության մեջ:
Հունիսի 7-ին համանախագահները ադրբեջանական կողմից Աղդամի շրջանից ոտքով հատել են շփման գիծը: Սա վերջին 10 ամիսների ընթացքում արվում է երրորդ անգամ` նույնքան, որքան շփման գիծը հատվել է նախորդ 16 տարիների ընթացքում, «դրանով իսկ ապացուցելով, որ կողմերը կարող են համագործակցել եւ իրագործել 1994 թվականի հրադադարի պայմանները»:
Այս առնչությամբ համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացը այս վճռորոշ պահին:
Հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: