11/06/2011 13:40
Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ներկայացրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորանշանակ նախագահ Իշխան Զաքարյանին:
«Հարգելի գործընկերներ, ՀՀ նախագահի առաջարկով և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների ցանկությամբ օրերս ՀԽՀԿ նախագահ է ընտրվել Իշխան Զաքարյանը, ինչի կապակցությամբ բոլորիդ անունից ուզում եմ շնորհավորել նրան: Յուրաքանչյուրիս հիմնական նպատակն է բարձր մակարդակով կազմակերպել ու անցկացնել համահայկական խաղերը, ուստի կարծում եմ, որ պարոն Զաքարյանի հետ միասնական աշխատանքի շնորհիվ կհասնենք դրական արդյունքի»,- Գ. Ծառուկյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Իշխան Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ասաց, որ իր համար և անակնկալ չէր այս որոշումը, քանի որ երկար տարիներ եղել է սպորտում, և անակնկալ էր, քանզի, այնուամենայնիվ, հենց իր թեկնածությունն է առաջ քաշվել:
«Ուրախ եմ, որ 5-րդ համահայկական խաղերի անցկացումը վստահվել է ինձ: Սա նաև փոքրիկ հոբելյան է: Վստահ եմ, որ և նախարարությունը, և օլիմպիական կոմիտեն կաջակցեն ինձ»- ընդգծեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը: