11/06/2011 13:15
Յուրա Մովսիսյանը լավագույնն էր «Կրասնոդարի» կազմում
Այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը գերազանց խաղ ցուցադրեց Ռուսաստանի ընտրանու հետ խաղում` մասնակցելով ողջ հանդիպմանը, եզրակացություններ կատարեց նաև «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: ՌԴ Պրեմիեր լիգայի հերթական` «Ռոստովի» հետ արտագնա խաղում նա հայ ֆուտբոլիստին ասպարեզ դուրս բերեց հիմնական կազմում, և Յուրա Մովսիսյանն արդարացրեց սպասելիքները` դառնալով գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Նախ նա հաղթող դուրս եկավ օդային մարտում ու գնդակն ուղարկեց դեպի հեռավոր դարպասաձողը, և պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Տատարչուկը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1: Մինչ այդ, ի դեպ, 11 մետրանոց հարվածով աչքի էր ընկել Կիրիչենկոն` հաշվի մեջ առաջ մղելով դաշտի տերերին: Իսկ 46-րդ րոպեին Մովսիսյանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ընդունեց գնդակը և ձախ ոտքի հարվածով ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցի դարպասապահին` փրկելու իրավիճակը:
Յուրա Մովսիսյանը մասնակցեց նաև իր թիմի երրորդ գոլի արարմանը: Նա տուգանային հարվածի իրավունք վաստակեց: Ժոազինյոն գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ առաջինը գնդակին հասավ Մարսիուն և հաշիվը դարձրեց 3:1:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, այսպիսով, Յուրա Մովսիսյանն էր: Հենց նրա շնորհիվ «Կրասնոդարը» կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ: