13/06/2011 13:48
Հունիսի 13. Շահումյանի և Գետաշենի բնակչության համար ողբերգական օր
«Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ողջ բնակչության համար 1992թ.-ի հունիսի 13-ը ողբերգական օր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը:
Նա նշեց, որ 19 տարի առաջ Շահումյանի շրջանի և 20 տարի առաջ Գետաշենի ենթաշրջանի 21.000 բնակչությունը Ադրբեջանի հրոսակների կողմից տեղահանվեց:
«Հայաթափման նենգամիտ ծրագրերից մեկը «Կոլցո» օպերացիան էր Գետաշենի շրջանում, որը հետագայում իրագործվեց նաև Շահումյանի շրջանում»,-ընդգծեց Է. Բալայանը:
Նրա խոսքերով, 1992թ.-ի հունիսին, ադրբեջանցւները լայնամաշտաբ հարձակում են սկսում Շահումյանի շրջանի վրա, օգտագործելով օդուժ, զրահատեխնիկա և ալյ միջոցներ, սակայն ուժերը անհավասար էին, մերոնք չունեին պաշտպանվելու համար զինամթերք և շրջանի բնակչությունը մահվան սպառնալիքի տակ ստիպված բռնագաղթվեց իր հայրենիքից:
Է. Բալայանի պնդմամբ, ադրբեջանցիներին մեծապես աջակցում էին ԽՍՀՄ Անդրկովկասյան օկրուգի 4-րդ բանակի ստորաբաժանումներն ու վարձկալները: «Այդ դաժան մարտերում զոհվել են 68 ազատամարտիկ, 323 խաղաղ բնակիչ, 100-ից ավելին վիրավորվել. Իսկ 420-ը անհայտ կորել են»:
Նա հավելեց, որ բռնելով գաղթի ճանապարհը Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչության մի մասը տեղափոխվեց Հայաստան, իսկ մյուս մասը սփռվեց աշխարհով մեկ` հույս ունենալով մի օր վերադառնալ ազատագրված հայրենի օջախները: