13/06/2011 11:35
ԱՄՆ կստեղծի «ստվերային» ինտերնետ` այլախոհների համար
ԱՄՆ իշխանությունները նախաձեռնել են զարգացնել տեխնոլոգիաներ, որոնք կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտան ստեղծել ինտերնետի և հեռախոսակապի ինքնուրույն համակարգեր:
Այս մասին նախօրեին գրել է «The New York Times-ը»` նշելով, որ նման համակարգերը կարող են օգտագործել այն երկրների ընդդիմության ներկայացուցիչները, որտեղ իշխանությունները ցանկանում են վերահսկել ընդդիմության գործողությունները և ցանկության դեպքում անջատում են ինտերնետն ու բջջային հեռախոսակապը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել շարժական սարք, որով որևէ պետության սահմանից դուրս կարող են արագ ստեղծել անլար կապ, որն էլ, մասնավորապես, իր հերթին կարող է հայտնվել համաշխարհային ցանցում:
Ըստ «The New York Times-ի» տվյալների, նման տեխնոլոգիաներ զարգացնելու համար արդեն պետական դրամաշնորհով հատկացվել է երկու միլիոն դոլար:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ մեծ ջանքեր է գործադրում երկրից դուրս կապի համակարգեր ստեղծելու և պաշտպանելու ուղղությամբ:
Մասնավորապես, առնվազն 50 մլն դոլար է ծախսվել Աֆղանստանում հեռախոսային ցանցի ստեղծման համար, ինչը չէին կարող անջատել թալիբները (այդ ցանցն աշխատում էր շնորհիվ աշտարակների, որոնք տեղակայված էին ռազմակայաններում):