14/06/2011 10:42
Որոշված են ԱՄՀ տնօրենի պաշտոնի 2 թեկնածուների անունները
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը կվերանայի 2 հավակնորդների թեկնածությունը` տնօրեն-կառավարչի պաշտոնում: Առաջինը Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարար Քրիստին Լագարդն է, երկրորդը` Մեքսիկայի Կենտրոնական բանկի ղեկավար Ագուստին Կարստենսը: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվության բաժինը` հիմնվելով տնօրենների խորհրդի ժողովի արդյունքների վրա:
Իսրայելական կենտրոնական բանկի ղեկավար Ստենլի Ֆիշերը դուրս եկավ Արժութային միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) ղեկավարի պաշտոնի հավակնորդների ցուցակից, որովհետև 67 տարեկան է, իսկ ԱՄՀ-ի սկզբունքները թուլ չեն տալիս այդ պաշտոնը զբաղեցնել 65-ից ավել տարիք ունեցող անձանց: Այս մասին տեղեկացնում է ԲիԲիՍի-ն (BBC):
Հիմնադրամի տնօրեն-կառավարչի պաշտոնում թեկնածությունը ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 10-ն էր: ԱՄՀ-ն մտադիր է ընտրել նոր տնօրենին մինչև այս տարվա հունիսի 30-ը:
ԱՊՀ երկրները որպես միակ թեկնածու առաջադրել են Ղազախստանի Ազգային բանկի ներկայացուցիչ Գրիգորի Մարչենկոյին, մինչդեռ հունիսի 10-ին նա հրաժարվեց այդ պաշտոնում ընտրություններին մասնակցել: Ավելի վաղ նմանօրինակ որոշման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հարավաֆրիկյան Հանրապետության էկոնոմիկայի պլանավորման նախարար Տրևոր Մանուելը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոուս-Կանն այս տարվա մայիսի 14-ին մեղադրվել է բռնաբարության փորձի մեջ` Նյու-Յորքում: Ներկա դրությամբ նա գտնվում է նույն քաղաքում`տնային կալանքի տակ, իսկ նրա գործով դատաքննություն է ընթանում: Ստրոուս-Կանը ժխտում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Ամեն դեպքում 2011թ. մայիսի 19-ին հայտարարվեց, որ նա հեռանում է ԱՄՀ տնօրենի պաշտոնից: