14/06/2011 10:21
Սպիտակ տանը հայտնվելու հավակնորդերից մեկը կին է
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Միշել Բախմանը երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այս մասին հղում անելով Agence France–Presse-ին հաղորդում է lenta.ru կայքը:
Բախմանն իր որոշման մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուների առաջին բանավեճի ընթացքում` Նյու-Հեմպշիրում:
Հաղորդվում է, որ Բախմանը հանդիսանում է այսպես ասած «Թեյի կուսակցության»` Հանրապետական կուսակցության աջ կոնսերվատիվ մասի առաջատարներից մեկը:
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի բոլոր հավակնորդները` Միթ Ռոմնին, Նյութ Գինգրիչը, Ռիկ Սանտարումը, Տիմ Պոլենտին, Խերման Կեյնը և Ռոն Պոլը իրենց նախընտրական ծրագրերի դրույթների քննարկման փոխարեն բանավեճերի ընթացքում զբաղված էին Բարաք Օբամայի քաղաքականության քննադատությամբ:
Հիշեցնենք, որ Բախմանը դեռ առաջին կին թեկնածուն է, որ հավակնում է հայտնվել Սպիտակ տանը 2012թ.-ի ընտրություններից հետո, սակայն Հանրապետական կուսակցությունից 2012թ.-ի ընտրությունների ամենահավանական թեկնածուներից է Ալյասկա նահանգի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը, որը սակայն դեռ պաշտոնապես չի հայտարարել իր մտադրությունների մասին: