16/06/2011 11:47
Հունաստան. Վարչապետը նոր կառավարություն է կազմում
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն պատրաստվում է այսօր հայտարարել կառավարության նոր կազմը և պատգամավորների առջև կառավարության հանդեպ վստահության հարց բարձրացնել: Այս մասին հաղորդում է euronews. net կայքը:
Գ. Պապանդրեուն նշել է, որ նրանք այսօր բախտորոշ պահ են վերապրում և որ հիմա որոշումներ ընդունելու դժվարին ժամանակն է, սակայն նա հավատում է, որ պետք է պահպանել ազգային միասնությունը` ելնելով պետության շահերից, և նա այսօր բանակցություններ է վարում այլ կուսակցությունների առաջնորդների հետ այդ հարցի կապակցությամբ:
Նշենք, որ մինչ այդ Հունաստանի վարչապետը առաջարկել էր գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը` «Նոր ժողովրդավարությանը», բարեփոխումներ անցկացնելու համար կազմել կոալիցիոն կառավարություն;
Հիշեցնենք, որ Աթենքի փողոցներում չեն դադարում բողոքի ցույցերը, որի մասնակիցները վերջին շաբաթվա ընթացքում հանդես են գալիս կառավարության կոշտ տնտեսումների քաղաքականության դեմ, ինչի շնորհիվ կառավարությունը հույս ունի ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ 110 միլիարդանոց վարկ, որի առաջին փոխանցումը նախատեսված էր իրականացնել այս ամսվա սկզբին: