16/06/2011 10:42
Իրանը հերթական արբանյակն է դուրս բերել ուղեծիր
Իրանը բարեհաջող ուղեծիր է դուրս բերել Երկրի արհեստական արբանյակ «Ռասսադ-1(«Դիտարկում-1»)-ը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Տիեզերական սարքը դուրս է բերվել 260 կմ բարձրությամբ ուղեծիր` «Սաֆիր» փոխադրող հրթիռի միջոցով:
«Ռասսադ-1»-ը կարող է օրական 15 անգամ անցնել Երկրի շուրջ, իրականացնելով Երկրի մակերեսի լուսանկարումը, իսկ արբանյակի այս առաքելությունը կշարունակվի 2 ամիս:
Նշենք, որ «Ռասսադ-1» սարքը պատրաստվել է Թեհրանի Տեխնոլոգիաների համալսարանում, և արհեստական արբանյակի արձակման մտադրությունների մասին պարզ դարձավ 2010թ.-ի հուլիսին, իսկ «Ռասսադ-1»-ը նախատեսվում էր ուղեծիր ուղարկել 2010թ.-ի օգոստոսին:
Հիշեցնենք, որ Իրանի տիեզերական ծրագիրը սկիզբ է առել 2008թ.-ի փետրվարից և Իրանում պատրաստված առաջին արբանյակի թռիչքը Թեհրանը իրականացրել է 2009թ.-ի փետրվարին:
Բացի այդ, 2011թ.-ի մարտին Իրանը ուղեծիր ուղարկեց «Կովաշգար-4» հրթիռը, որի մեջ էր գտնվում թեստային կոլբան:
Ւրանական տիեզերական ծրագիրը քննադատության է ենթարկվում արևմտյան փորձագետների կողմից իր «ռազմական բնույթի» համար, քանի որ Արևմուտքը համարում է, որ Թեհրանը տիեզերական ծրագրի շղարշի տակ կարող է պատրաստել ատոմային գլխիկներ կրող հրթիռներ:
Իրանը իր հերթին պնդում է, որ իր տիեզերական ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, և իրանական տիեզերական գործակալությունը զբաղված է սեփական արբանյակային խմբավորման ստեղծմամբ, և Թեհրանը մտադրված է 2020թ.-ին տիեզերք ուղարկել առաջին իրանցի տիեզերագնացին: