16/06/2011 11:10
Օբաման ԱՄՆ-ի գործողությունները Լիբիայում օրինական է համարում
Նախօրեին Բարաք Օբաման ամերիկյան Կոնգրես է ուղարկել Լիբիայում ռազմական գործողությունների զեկույցը: Ինչպես հաղորդում է «Associated Press-ը», 30 էջանոց փաստաթղթում նշված է, որ նախագահի արած գործողությունները եղել են օրինական և կարող են շարունակվել` առանց օրենսդիրների հաստատման:
Փաստարկելով իրենց դիրքերը` զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գործողություններում ավելի շատ սահմանափակ, օգնող դեր է կատարել, և որ Լիբիայի տարածքում չկա ոչ մի ամերիկացի զինվոր:
Բացի այդ, Օբամայի օգնականները պնդում են, որ կոնգրեսի կարծիքը չեն ոտնահարել և հիշեցնում, որ կոնգրեսականների ու նրանց օգնականների հետ անցկացրել են ավելի քան 40 հանդիպում` Լիբիայի խնդրի վերաբերյալ:
France Presse գործակալության տեղեկացմամբ` կոնգրեսին ուղղված զեկույցում ներկայացվում են նաև տվյալներ`Լիբիային ուղղված ծախսերի մասին, համաձայն որոնց Լիբիայում անհանգստությունները սկսվելուն պես ԱՄՆ-ը ռազմական և հումանիտար առաքելության համար այնտեղ ծախսել է 715,9 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Ներկայացուցիչների պալատի 10 հոգուց բաղկացած խումբը, որոնց թվում են հանրապետականներ և դեմոկրատներ, Բարաք Օբամայի դեմ հայց են ներկայացրել դատարան: Նրանք պահանջում են Լիբիայի հարցում նախագահի որոշումները ճանաչել անօրինական:
Լիբիայում ԱՄՆ-ի մասնակցության դեմ դուրս եկած կոնգրեսականները հղում են անում 1973թ. ընդունված ռազմական արտոնություններին վերաբերյալ որոշմանը: Համաձայն այդ որոշման` ԱՄՆ-ը իրավունք ունի սահմանից դուրս ռազմական գործողություններ իրականացնել 60 օրից ոչ ավել: Ավելի երկար ռազմական գործողություների համար պետք էր ունենալ Կոնգրեսի թույլտվությունը: