16/06/2011 12:18
Առաջիկայում Սևանի բրենդ կդառնա գորտը
«Իրավական պետություն» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր հանդիպում քննարկում «Կոռուպցիան մեր ազգի թշնամին է» թեմայով։ Հանդիպման շարքի առաջին թեման Սևանա լճի բնապահպանական խնդիրներն էին։
Քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրեաս Ղուկասյանի փոխանցմամբ, այսօր ազգի հարստություն համարվող Սևանա լիճը կառավարման սխալ քաղաքականության հետևանքով կորցնում է իր արժեքը` կրելով տնտեսական և բնապահպանական հսկայական կորուստներ։
«Դեռ մի քանի տարի առաջ Սևանի բրենդը համարվում էր իշխանը և սիգը, այսօր անգամ այլ երկրների ռեստորաններում որպես Սևանի բրենդ առաջարկվում է խեցգետինը։ Եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ առաջիկայում Սևանի բրենդ կդառնա գորտը»,-նշեց Անդրեաս Ղուկասյանը և հավելեց, որ տնտեսական գնահատմամբ արդեն այսօր լճին և նրա ափերին հասցվել է մոտ միլիարդ դոլարի վնաս։
Ամեն տարի Սևանի մակարդակի 15-20 սմ-ով բարձրանալու հետևանքով Սևանի ափամերձ տարածքները ջրածածկ են լինում:
Բնապահպանները պնդում են, որ եթե Սևանի մակարդակը բարձրացվի, սակայն մաքրման աշխատանքներ չկատարվեն, լիճը կճահճանա։
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, սակայն, վստահեցրեցին, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մաքրման աշխատանքները կշարունակվեն` այս անգամ նոր տեխնիկայով։