16/06/2011 16:34
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը CNN հեռուստաընկերությանը
CNN հեռուստաընկերությունը երեկ երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ:
Ստորև առանձնացված են տնտեսությանը վերաբերող հարցերը։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է.
«Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա`տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք`շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով, մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:
- 2000թ. ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:
-Դժբախտաբար, մեր առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է՝ հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն:
-Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Չէ՞ որ ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունեք, որքան ձեր երկրում:
-Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները: