17/06/2011 12:56
Արթուր Աբրահամը Երևան է ժամանել ամուսնանալու համար
Այսօր «Ուրբաթ» ակումբում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարեց, որ չի պատրաստվում ավարտել կարիերան: Մարզչական շտաբի հետ խորհրդակցելուց հետո Արթուրը որոշել է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել երկրորդ միջինքաշային կարգում, սակայն դրա համար նախ պետք է վարկանշային մենամարտեր անցկացնի: Առաջին մարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա 3,5 ամիս հետո:
Անդրադառնալով Հայաստան այցելության թեմային` Արթուր Աբրահամը շեշտեց, որ երկու նպատակով է ժամանել Երևան: Առաջին` նա մտադիր է դասավորել անձնական կյանքը, երկրորդ` 4 տարի մարզվել է Ենգիբարյանի բռնցքամարտի դպրոցում և ցանկանում է 100 հազար եվրոյի արժողության մարզագույք նվիրել իր համար հարազատ այդ մարզական օջախին: Գույքի մի մասն արդեն այստեղ է, իսկ մյուս մասը տեղը կհասնի մի քանի օրից: Արթուր Աբրահամը խոստացավ նաև, որ այդ մասին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
«Վերջին մարտում, ցավոք, պարտվեցի մարտավարական սխալի պատճառով: Մինչև 4-րդ ռաունդը վերահսկում էի իրավիճակը ռինգում, սակայն հետո անցա պաշտպանության: Նպատակս մեկն էր` նոկաուտի ենթարկել Անդրե Ուորդին, քանի որ ԱՄՆ-ում միավորներով հաղթանակի հետ հույսեր, կապված մրցավարների մոտեցումների հետ, անհնար էր ակնկալել: Ցավոք, չստացվեց: Հայաստանում կմնամ երեք շաբաթ, իսկ հետո կվերադառնամ Գերմանիա և կշարունակեմ մարզումներս: Ցանկանում եմ չեմպիոն դառնալ երկրորդ միջինքաշային կարգում, որի համար նախ պետք է վարկանշային մենամարտեր անցկացնեմ:
Այս անգամ Հայաստան եմ եկել երկու նպատակով. առաջին` պետք է ամուսնանամ, երկրորդ` ուզում եմ 100 հազար եվրոյի մարզագույք նվիրել Ենգիբարյանի դպրոցին, որտեղ մարզվել եմ 4 տարի»,- ընդգծեց Արթուր Աբրահամը:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը վստահ է, որ Հայաստանում լավ մարզիկներ ու մարզիչներ կան, սակայն պայմաններ չկան` մարզաձևը զարգացնելու համար: Դրա համար, որպես կարևորագույն գործոն, նա նշեց նաև միջազգային մրցումների անհրաժեշտությունը, իսկ այդպիսի մրցաշարերին մասնակցությունը, իհարկե, լուրջ ֆինանսական միջողների ներդրում է ենթադրում:
Խոսելով ապագայի պլանների մասին` Արթուր Աբրահամը նշեց, որ կարիերայի ավարտից հետո Երևանում բռնցքամարտի դպրոց կհիմնադրի: Քաղաքապետարանի հետ արդեն համապատասխան պայմանավորվածություն կա: Դպրոցին կից կգործի նաև գերմաներենի ու անգլերերնի ուսուցման կենտրոն:
Արթուր Աբրահամը, ի դեպ, հետաքրքրվում է հայկական սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Շփվում է հայ ֆուտբոլիստների հետ: Նրա կարծիքով` Հայաստանի հավաքականն այժմ լավ խաղ է ցաւցադրում, բայց լուրջ արդյունքների հասնելու համար դեռ ժամանակ է պետք: