17/06/2011 10:00
Մրցակցության ոլորտի հարցերի քննարկում ԵՄ փորձագետների հետ
Շուկայում գերիշխող դիրք ձեռք բերելով` հնարավոր է, որ տնտեսվարողները լրջորեն չարաշահեն իրենց դիրքը: Հայաստանում նման օրինակները եզակի չեն, և այդ գործելակերպերի դեմ արդյունավետորեն պայքարելու համար կարևոր է պատասխանել հետևյալ հարցերին. ինչպես գնահատել՝ արդյոք տնտեսվարողը տվյալ շուկայում գերիշխող դիրք է գրավո՞ւմ, թե` ոչ, արդյոք այդ վարքագիծը համարվո՞ւմ է չարաշահում, թե ոչ, որոնք են չարաշահման դրսևորումները և որոնք կարող են հանդիսանալ ‹‹բարձր›› գների պատճառները:
Այս խնդիրներն այսօր Երևանում կքննարկեն ԵՄ անդամ երկրների փորձագետները: Մասնավորապես, կներկայացվի գերիշխող դիրքի չարաշահման գործ՝ սուրճի շուկայում:
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետներն առավոտյան` առաջին սեմինարում կներկայացնեն նաև միջազգային փորձը` հակամրցակցային համաձայնությունների և դրանց դեմ պայքարի ազդեցության վերաբերյալ:
Օրվա երկրորդ կեսին` ԵՄ անդամ երկրների փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության սկզբունքները, մասնավորապես, թե ինչու է պետական օժանդակության վերահսկողությունը կարևոր Հայաստանի համար միջազգային տեսանկյունից և, ի վերջո, սպառողների համար:
Տեղեկացնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող Թվինինգ ծրագիրն իրականացում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության և Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ՝ 2011-2013 թվականներին: