20/06/2011 11:50
Ադրբեջանցիները Շվեդիայի խորհրդարանականներին շանտաժի են ենթարկում
Շվեդիայի Ռիգսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը 2010թ.-ին ընդունելուց ի վեր Շվեդիայի ադրբեջանական համայնքը չափից ավելի ոգևորվելով զրպարտում է Ռիգսդագի որոշումը, հատկապես նրանց, ովքեր կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը և ակտիվ ուժ են հանդիսացել այդ գործընթացում:
Ընդդիմադիր կուսակցությունները` հատկապես Սոցիալ դեմոկրատ-ձախակողմյան-կանաչ թևը, որն աջակցում էր բանաձևի ընդունմանը, ծանր քննադատության արժանացան իրենց այդ քայլի համար:
Վերջերս Շվեդյայում Ադրբեջանի Ֆեդերացիան ոտքի է հանել իր ակտիվիստներին և որպես թիրախ ընտրել է մի քանի խորհրդականների` Ֆրեդրիկ Մալմին (Լիբերալ) և Աննելի Էնոչսոնին (Քրիստոնյա Դեմոկրատ): Մալմը և Աննելին, որոնք երկուսն էլ իշխող կոալիցիայի անդամներ են, անցյալ ապրիլին այցելեցին Հայաստան և հանդիպեցին մի շարք պաշտոնյաների հետ, մասնակցեցին ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և ստացան Հայաստանի Խորհրդարանի շքանշանը` ի նշան երախտագիտության` Շվեդյայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրենց կատարած դերի համար:
Քարոզչությունը, որը սկզբնական շրջանում անվստահության արտահայտություն էր Ցեղասպանության կողմնակիցների հանդեպ, այժմ շատ ավելին է: Այն ինչ հիմա որոշ ադրբեջանական կազմակերպություններ փորձում են անել չի կարող կոչվել այլ կերպ քան որոշակի խորհրդարանականների անունները, ինչպես նաև հայերին և Հայաստանը արատավորող քարոզչություն:
Ամեն առիթով, անկախ քննարկվող թեմայից, Հայաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, էթնիկ զտումներ իրականացնող և կոռումպացված երկիր, իբր հայերը գանգստերական և մաֆիոզ գործունեություն են ծավալում և նրանց լոբբիստական կազմակերպությունները կաշառում և գնում են խորհրդարանի անդամներին և պաշտոնյաներին, ովքեր զբաղվում են Հայաստանին վերաբերող հանձնարարություններով:
Սա արձանագրված է Լիբերալ կուսակցությանը հասցեագրված էլեկտրոնային տարօրինակ նամակում, որտեղ ադրբեջանական կազմակերպությունը պահանջում է Ֆրեդրիկ Մալմի ֆինանսական հաշվի քննությունը, պարզելու համար արդյոք նա վերջերս չի ստացել գումար Հայաստանի կառավարությունից:
Ադրբեջանցիները, խորհրդարանական խմբերին ուղարկված մի շարք նամակներում, մեղադրում էին Մալմին և Էնոչսոնին «հայկական լոբբիի կողմից կաշառված լինելու» և «Հայաստանի կառավարության գործակալներ հանդիսանալու մեջ:
Բացի այս շարունակվում է նաև ադրբեջանական ապատեղեկատվական քարոզարշավը, որն այս անգամ ներկայացնում է մեկ այլ Քրիստոնյա Դեմոկրատ խորհրդարանական Դեզիրե Պետրուսի սխալ մեջբերումը, որն իբր արվել էր Ադրբեջանի Ֆեդերացիայի հետ հանդիպման ժամանակ:
Տիկին Դեզիրե Պետրուսն իբր ասել էր, թե «Հայոց ցեղասպանության ընդունումը պատմական սխալ էր»: Սակայն, երբ նրան խնդրեցին հաստատել այս մեջբերումը, տիկին Պետրուսը ժխտեց այն` ասելով, որ ինքը նման բան երբեք չի ասել: Նա միայն ասել է, թե Ռիգսդագը այն մարմինը չէ, որը պետք է քննարկի նմանատիպ հարցերը:
«Եվ այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ արժե ճանաչել այն փաստը, որ Հայոց ցեղասպանություն եղել է: Դրա դեմ մենք առարկություններ չունենք», - ամփոփեց Տիկին Դեզիրե Պետրուսը:
Հարկ է նշել, որ որոշ խորհրդարանականներ պատասխանել են էլեկտրոնային նամակներին` ընդգծելով քարոզչության ոչ-կառուցողական և ագրեսիվ բնույթը:
Ադրբեջանական համայնքի գործողությունները շատ տխրեցնող են, և ինչ-որ տեղ արտացոլում են պաշտոնական Բաքվի ցավալի դիրքորոշումը, այն է` ապատեղեկատվություն, արատավորում և ահաբեկչություն:
Այս գործողությունները կասկածելի են դառնում հատկապես այն ժամանակ, երբ ողջ միջազգային հանրությունը հետևում է Ղարաբաղյան բանակցային գործընթացի զարգացմանը` Կազանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների գալիք հանդիպմանը լավատեսորեն տրամադրված լինելով:
Այդ հանդիպման դրական արդյունքի նախապայմանը, որը Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորում կերաշխավորի, հայերի և ադրբեջանցիների միջև փոխադարձ հարգանքն է, մի բան, որը Շվեդիայի ադրբեջանական համայնքը կոպտորեն խախտում է:
Հոդվածի հեղինակ` Վահագն Ավեդյան