20/06/2011 16:20
ԼՂՀ նախագահը ցավակցել է իրավապաշտպան Ելենա Բոնների ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ իրավապաշտպան և հրապարակախոս Ելենա Բոնների ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սրտի կսկիծով ընդունեցին Ելենա Գեորգիի Բոնների մահվան բոթը, մարդ, ով մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:
Արցախի ազգային-ազատագրական շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից Ելենա Բոնները ակտիվորեն պաշտպանում էր մեր ազգի ինքնորոշման իրավունքը, այցելում էր մեր երկիրը, մեզ հետ միասին պայքարում էր պատմական արդարության վերականգնման համար և ամենաբարձր ատյաններից պահանջում էր դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի վիշտն ու ցավը: Մեր հիշողության մեջ միշտ վառ կմնա Ելենա Բոնների լուսավոր կերպարը»: