21/06/2011 16:39
Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել
Հունիսի 21-ին Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել: Այս մասին, հղում անելով «ՍԱՆԱ» լրատվական գործակալությանը, հաղորդում է «Կուրսոր» լրատվական կայքը: Համաներումը կառնչվի մինչև 2011 թվականի հունիսի 20-ը տեղի ունեցած բոլոր հանցագործություններին:
Համաներումը հայտարարվել է Ասադի հայտարարության հաջորդ օրը: Իր խոսքում Ասադը ներկայացրել էր, թե ինչպես է անկարգություններով համակված երկիրը դուրս բերելու այդ վիճակից: Նախագահը նաև խոստացել է ստեղծել հատուկ խորհուրդ, որը զբաղվելու է օրենսդրական, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումներով: Ասադը խոստացել է բարեփոխել ընտրական համակարգը, թուլացնել հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողությունը և արմատախիլ անել կոռուպցիան:
Հիմնական պայմանը, որի դեպքում բարեփոխումները կմեկնարկեն, Բաշար Ասադը համարել է երկրում անկարգությունների դադարեցումը: Փորձելով կայունացնել իրավիճակը` Սիրիայի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է զիջումների մասին: Մայիսի 31-ին նա արդեն համաներում էր հայտարարել, որը տարածվում էր «Մուսուլման-եղբայրներ» արգելված շարժման բոլոր ձերբակալված անդամների վրա:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մարտ ամսից, երբ երկրում ցույցեր սկսվեցին, կառավարական ուժերի հետ ընդհարումների պատճառով զոհվել է ավելի քան հազար մարդ: