21/06/2011 11:14
Թունիսի նախկին նախագահը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման
Թունիսի դատարանը երկրի նախկին նախագահ Բեն Ալիի և նրա տիկնոջ` Լեյլա Տրաբելսիի դատավճիռը կարդացել է հեռակա կարգով: Նրանք մեղադրվում են պետական գույքի հափշտակման մեջ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Բացի այդ, դատավորը որոշել է, որ մեղադրյալները պետք է նաև տուգանք վճարեն` Բեն Ալին` 50 մլն թունիսյան դինար /25 միլլիոն եվրո/, իսկ Տրաբելսին`41 մլն դինար:
Նախկին նախագահի դեմ հարուցված ևս մեկ քրեական գործ`ապօրինի թմրանյութերի շրջանառության մասին, հետաձգվել է մինչեւ հունիսի 30-ը: Այս խնդրանքով դատարան է դիմել նրա փաստաբանը` դատավարությանն ավելի լավ պատրաստվելու պատճառաբանմամբ:
Մինչդեռ Զին Էլ-Աբիդին Բեն Ալին հայտարարել է, որ ինքը հրաժարական չի տվել և չի պատրաստվում թողնել իր պաշտոնը:
Հիշեցնենք, որ 2011թ-ի հունվարյան հեղաշրջումից հետո նախագահը` կնոջ և երեխաների հետ փախել էր Սաուդյան Արաբիա: Հետագայում նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, հաստատվել է, որ Բեն Ալիի նստավայրում թմրանյութ, զենք, ինչպես նաև 27 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր և արժեթղթեր են հայտնաբերվել:
Այս մեղադրանքներից զատ, Թունիսի նոր կառավարությունը պատրաստվում է Բեն Ալիին դատարանի առջեւ կանգնեցնել` բախումների ժամանակ զոհված քաղաքացիների համար: Նշենք, որ նախկին նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները: