22/06/2011 12:00
Վրաստանի խորհրդարանը տեղափոխվելու է Քութաիսի քաղաք
Վրաստանի խորհրդարանը 106 կողմ 1 դեմ հարաբերակցությամբ օրինագիծ է ընդունել նոր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և Վրաստանի օրենսդիր մարմինը Քութաիսի տեղափոխելու մասին: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru կայքը:
Օրինագծի համաձայն, 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի խորհրդարանը տեղափոխվելու է Քութաիսի, իսկ խորհրդարանի գտվելու վայրի փոփոխությունը հնարավոր է միայն արտակարգ կամ ռազմական իրավիճակների դեպքում:
Այդ օրինագիծը թեժ քննարկումներ է առաջացրել Վրաստանի խորհրդարանում, որոնց ընթացքում անկախ ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան նշել է, որ նրա հաշվարկներով խորհրդարանի ամբողջական տեղափոխությունը Քութաիսի կարժենա 100 մլն լարի կամ 55 մլն դոլար:
Իսկ խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Գեորգի Տարգամաձեն նշել է, որ այդ փոփոխություններից հետո Թբիլիսին կորցնում է քաղաքական կենտրոնի իր նշանակությունը և այդ դեպքում հարց է առաջանում, որտեղ պետք է լինի Վրաստանի մայրաքաղաքը, և ընդգծել, որ նրանք պահանջում են անցկացնել հանրաքվե, որի ընթացքում ժողովուրդը ինքը կորոշի մայրաքաղաքի գտնվելու հարցը, այլ ոչ թե խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:
Իր հերթին, օրինագծի հեղինակ, իշխող կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեն նշել է, որ դրանում ոչ մի վատ բան չկա, և որ աշխարհում կան շատ պետություններ, որոնք ունեն 2 մայրաքաղաք: