22/06/2011 11:42
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Պենտագոնի ղեկավարի թեկնածությունը
ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի միաձայն հաստատել է Լեոն Պանետտային Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Նա փոխարինելու է Ռոբերտ Գեյթսին, ով հունիսի 30-ին պաշտոնաթող է լինելու:
Պանետտան ներկայումս ղեկավարում է ԿՀՎ: Նախագահ Բարաք Օբաման ապրիլի 28-ին հայտարարել է, որ ցանկանում է նրան տեսնել պաշտպանության նոր նախարար: «Այդ պաշտոնի համար Պանետտան տիրապետում է բոլոր անհրաժեշտ որակներին»,- ասել էր այն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը:
Պանետտայի փոխարեն Օբաման նշանակել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայիս հրամանատար, գեներալ Դեյվիդ Պետրեուսին: Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հունիսի 28-ին կլրանա Պանետտայի 73 տարին: Նա ծառայել է 1964թ.-1968թթ-ին որպես բանակի հետախուզական սպա:
Վիետնամական պատերազմին չի մասնակցել: Քաղաքական կարիերան սկսել է Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում որպես հանրապետական, սակայն մարդու իրավունքներին մոտեցումների տարաձայնության համար դարձել է դեմոկրատ և 1977թ.-ին ընտրվել Կոնգրես, որտեղ աշխատել է 16 տարի: Ներկայացուցիչների պալատում գլխավորել է բյուջետային հանձնաժողովը, Բիլլ Քլինտոնի ժամանակ` Սպիտակ տան վարչական-բյուջետային կառույցը:
Վերլուծաբանների կարծիքով, Պանետտայի ընտրությունը վկայում է, որ Օբաման առաջիկա 10 տարիներին Պենտագոնի 400 մլրդ դոլարի ծախսերի կրճատումը համարում է իր ծրագրի իրականացում, որը առավել դժվար խնդիր է, քան Իրաքում և Աֆղանստանում գործողությունների ավարտը: