22/06/2011 10:13
«Պորտուն» փոխհատուցում ստացել է Վիլլաշ-Բոաշի համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պորտուի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ֆաքսով ակումբի ղեկավարությանը տեղեկացրել էր թիմից հեռանալու իր որոշման մասին:
«Պորտուն» Վիլլաշ-Բոաշից ստացել է այն գումարը, որը նախատեսված էր պայմանագրի վաղաժամկետ խզման համար»,- նշված է պորտուգալական ակումբի տարածած հայտարարության մեջ: Ի դեպ, պայմանագրի համաձայն` Վիլլաշ-Բոաշը հեռանալու դեպքում պետք է վճարեր 15 մլն եվրո:
Պորտուգալական թիմն առանց մարզչի չի մնացել: Առաջիկա երկու տարվա ընթացքում «Պորտուն» կխաղա Վիտոր Պերեյրայի ղեկավարությամբ, ով աշխատել է Վիլլաշ-Բոաշի շտաբում:
Լոնդոնյան «Չելսին» հաստատել է, որ 33-ամյա մասնագետը «Պորտուից» հեռացել է միայն «արիստոկրատներին» միանալու նպատակով: Սպասվում է, որ կողմերն իրենց հարաբերությունները գրավոր կհաստատեն առաջիկա օրերի ընթացքում: