23/06/2011 15:43
ԵԱՀԿ առաքելություն. Ադրբեջանի կողմից` դիտարկում հեռվից
Հունիսի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ-ից։