23/06/2011 17:44
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանից` Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ
Արձագանքելով շուկայի պահանջներին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացրել է նոր ծառայություն` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ:
Նոր ծառայությունը մատչելի է և շահեկան անհատների ու կազմակերպությունների համար, քանի որ այն իրենից ներկայացնում է այլընտրանքային ներդրումային գործիք` միաժամանակ հնարավորություն ընձեռելով ցանկացած պահի հաշվով տարբեր գործարքներ իրականացնել, ինչպիսիք են փոխանակումը այլ արժույթների և փոխանցումները:
Անկանխիկ ոսկին կամ մետաղական հաշիվների վրա պահվող գումարը ոսկի է «թղթի վրա», որը սակայն ապահովված է Լոնդոնի Ձուլակտորների Շուկայի Ասոցիացիայի անդամ հանդիսացող բանկում պահվող կանխիկ ոսկով (ոսկու ձուլակտորներով): Անկանխիկ ոսկին չափվում է տրոյական ունցիայով և 999.5 հարգի է:
«Ոսկին, զարդերի համար որպես թանկարժեք մետաղ լինելուց բացի, ծառայում է նաև որպես հարստության կուտակման և ներդրումների գործիք: Ոսկու գնի աճը վերջին տարիների ընթացքում բերել է ոսկով ներդրումների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը»,- այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը:
Էյչ-Էս-Բի-Սի-ն թանկարժեք մետաղների շուկայում ունի ավելի քան 140 տարվա փորձ և մետաղների առք ու վաճառքի շուկայում հանդիսանում է աշխարհի առաջատար բանկերից մեկը: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ԱՄՆ-ն հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի թանկարժեք մետաղների գծով ռիսկերի կառավարման հիմնական օղակը:
Հանդիսանալով Լոնդոնի Պլատինի և Պալադիումի Շուկայի (LPPM) լիիրավ անդամ և Լոնդոնի ոսկու և արծաթի գների ամրագրման անդամ` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ԱՄՆ-ն միակ կազմակերպությունն է, որը մասնակցում է Լոնդոնի թանկարժեք մետաղների ամենօրյա գների բոլոր ամրագրումներին: Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է նաև Լոնդոնի Ձուլակտորների Շուկայի Ասոցիացիայի (LBMA) հիմնադիր անդամ: