23/06/2011 13:22
ԼՂՀ-ում գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով
Կառավարությունը, նախ, հավանություն է տվել «Անասնակերի մասին» և «Մեղվաբուծության մասին» ԼՂՀ օրենքների նախագծերին: Գյուղնախարար Ա.Ծատրյանի պարզաբանմամբ` գյուղական տնտեսության հետագա զարգացումը պահանջում է այդօրինակ օրենքների կիրարկում, որոնք հնարավորություն կտան տվյալ բնագավառներում կարգավորելու տնտեսական հարաբերությունները, խթանելու արտադրությունն ու իրացումը, նաև` սահմանելու անհրաժեշտ վերահսկողություն:
ԼՂՀ-ում շուտով կանցնեն կենսաթոշակային նոր` բազմաստիճան համակարգի: Այդ նպատակին ուղղված օրենսդրական անհրաժեշտ նախագծերն արդեն պատրաստ են, որ արժանանալով գործադիրի հավանությանը` կներկայացվեն ԱԺ քննարկմանը: Ի մասնավորի, կառավարությունը հեղինակել է «Պետական կենսաթոշակների մասին», «ԼՂՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծերը:
Վարչապետ Արա Հարությունյանը սոցապնախարարությանը հանձնարարել է հանրությանը անհրաժեշտ պարզաբանումներ տալ կենսաթոշակային նոր համակարգի բովանդակության և հիմնական դրույթների մասին, բացատրել նորույթի առավելություններն ու նպատակահարմարությունը: Վարչապետի խոսքով` ԼՂՀ-ն ևս անցնում է կեսաթոշակների կուտակման և վճարման միջազգային օրինակելի փորձին, և դրան պետք է ձեռնամուխ լինել լավագույն նախապատրաստությամբ:
Պետական, տնտեսական և հասարակական հնչեղություն ունեցող մյուս օրինագծերից մեկը հարկային ոլորտին է առնչվում: Գործադիրը հավանություն է տվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագծին: Վարչապետ Ա. Հարությունյանի մեկնաբանությամբ` աննախադեպ արտոնություններ են սահմանվում տնտեսվարող սուբյեկտների համար: Օրենքը կկիրառվի և՛պետական, և՛ մասնավոր ձեռնարկությունների նկատմամբ: Սակայն, կառավարութան ղեկավարը շեշտել է, որ արտոնությունները չպետք է խաթարեն հարկային օրինական պարտավորությունների նորմալ գործընթացը և հարկային մուտքերը պետք է կատարվեն նույն հաջողությամբ:
Գործադիրը ուշագրավ փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում: Նոր խմբագրությամբ` գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող, աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են տարածքային մարմնում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «ԼՂՀ փրկարար ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ԼՂՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու» և «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում: Նշյալ օրինագծերը ներկայացվելու են խորհրդարանի քննարկմանը: