23/06/2011 15:58
Կխթանվի կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների կրթությունը
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ), «Սինոփսիս Արմենիա» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների միջև այսօր ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որի նպատակն է խթանելու կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթությունը Հայաստանում:
Նախաձեռնության նպատակը ԵԿՏԱ-ի կազմում «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական կրթություն տրամադրող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնի ստեղծումն է, դրա տեխնիկապես վերազինումը, կրթական ծրագրերով և վերապատրաստված դասախոսներով ապահովումը, արդիական ծրագրային միջոցներով և ուսումնական նյութերով համալրումը, ուսանողների կարիքների բավարարումը:
«Այս մոդելը բուհ-արտադրություն համագործակցության շրջանակներում յուրօրինակ և նոր մոտեցում է, ինչը որակական մի նոր աստիճանի կբարձրացնի մեր երկրի տեխնոլոգիական բուհական կրթությունը։ Աշխարհում առաջին անգամ է ստեղծվում այսպիսի մասնագիտւթյուն, և ես կարծում եմ, որ այն տարածաշրջանային հաջողություն կունենա»,-ասաց «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Համաձայն «Սինոփսիս Արմենիա»-ի կողմից իրականացվող կրթական մոդելի' բակալավրական ծրագրի 2-րդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած ԵԿՏԱ-ի ՏՏ ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիս»-ի ու «ՎիվաՍել»-ի առաջատար մասնագետների և ԵԿՏԱ-ի առաջնակարգ դասախոսների կողմից:
«ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համոզմամբ, մասնագիտական ճիշտ և նպատակային կողմնորոշումը կանխորոշում է երկրի ապագան, հատկապես, երբ կրթությունն առանցքային դեր է խաղում երկրի համեմատական առավելությունը խթանելու տեսանկյունից:
«ՎիվաՍել ՄՏՍ»-ի կողմից հատկացված 15 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում կվերանորոգվի ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները, լսարանը կապահովի համապատասխան համակարգչային տեխնիկայով:
«Սինոփսիս Արմենիա»-ն ԵԿՏԱ-ին անվճար կտրամադրի էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթների 20 լիցենզիա' համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով, կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին' առնվազն երեք տարին մեկ անգամ:
Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ այսօր բուհի ռեկտորը Ռալֆ Յիրիկյանին և Հովիկ Մուսայելյանին շնորհեց ԵԿՏԱ-ի պատվո պրոֆեսորի կոչումներ: