24/06/2011 19:48
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան մասնակցել է միջազգային տնտեսական ֆորումին
Հունիսի 16-18-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը մասնակցել է ՌԴ-ում կայացած Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին` լինելով ելույթ ունեցող միակ մասնակիցը Հայաստանից: Այս մասին տեղեկացնում են NASDAQ OMX Armenia-ի ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝ Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտից:
ՎՏԲ Կապիտալ ընկերության Նախագահ և Գործադիր տնօրեն Յուրի Սոլովյովի կողմից վարվող քննարկման ընթացքում Կարեն Զաքարյանը, Մոսկվայի Միջբանկային Արժութային Բորսայի Նախագահ Ռուբեն Աղանբեգյանը, ՌԴ Վարչապետի Առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ղազախստանի Ազգային Բանկի Նախագահի տեղակալ Դանիյար Ակիշեվը և այլ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ քննարկեցին տարածաշրջանում ընդհանուր տնտեսական միջավայրի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև ԱՊՀ և ԵՎՐԱԶԵՍ անդամ երկրների շրջանակում ֆինանսական շուկաների առավել արդյունավետ համագործակցության ձևաչափերը:
Կարեն Զաքարյանը ներկայացրեց ինտեգրմանը նախապատրաստվելու Հայաստանի կապիտալի շուկայի փորձը՝ նշելով այդպիսի նախագիծ ձեռնարկելու համար անհրաժեշտ հիմնական քայլերը:
Պրն. Զաքարյանը նշել է, որ նախքան տարածաշրջանային և գլոբալ ինտեգրացիան, անհրաժեշտ է տեղական շուկայում ապահովել բորսայական և դեպոզիտար միջավայրերի միասնականացումը, ինչն իրագործվել և շարունակաբար կատարելագործվում է Հայաստանում: Երկրի ներսում միասնական բորսայական և դեպոզիտար միջավայրի ձևավորմանը հաջորդող քայլը դրանց բացարձակ արդյունավետության ապահովումն է թե́ ներքին արդյունավետության, և թե́ հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման տեսանկյունից: Այնուհետև հաջորդ քայլը պետք է լինի ծառայությունների մատուցման այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հարմարավետ են միջազգային խողորդների համար:
Պրն. Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ սույն թվականի հոկտեմբերին Երևանում կկայանա «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածքներ և կարգավորում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է լինելու կապիտալի շուկայի ինտեգրման բոլոր ասպեկտներին և ապագա հնարավորություններին:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը համարվում է աշխարհի առաջատար ֆորումներից մեկը, որը համախմբում է նշանավոր քաղաքական գործիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին և փորձագետներին քննարկելու համաշխարհային տնտեսության առանցքային հարցերը: