27/06/2011 16:35
Google-ը չարաշահում է դիրքը
Ինտերնետ որոնումների ոլորտում ունեցած գերակա դիրքի չարաշահման մեղադրանքով ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը մտադիր է հետաքննություն սկսել Google Inc.-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով The Financial Times -ին:
Ըստ պարբերականի աղբյուրների` նոր հետաքննությունը կվերաբերի Google-ի հիմնական բիզնեսներին` որոնողական և գովազդային:
Հետաքննությունը փորձելու է պարզել, թե որքանով են օրինական Google-ի աշխատանքի սկզբունքները մրցակիցների և գործընկերների հանդեպ:
«Google-ի գործողությունները չեն համապատասխանում մրցակցային պահվածքին, դրանք վնասում են սպառողներին, քանի որ զրկում են այլ ընկերությունների` ինտերնետ օգտվողներին առավել լավ ապրանքներ և ծառայություններ ներկայացնելու հնարավորությունից»,- ասված է Google-ի քննադատներին միավորող Fairsearch.org կայքի հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ comScore Inc.-ի հարցման արդյունքների համաձայն` Google-ին բաժին է ընկնում ԱՄՆ-ի որոնողական բոլոր հարցումների մոտ 2/3-ը, եվրոպական երկրների հարցումների ավելի քան 80 %-ը: