27/06/2011 17:16
Միջազգային դատարանը տվել է Քադաֆիի ձերբակալման հրամանագիրը
Հաագայի Միջազգային քրեական դատարանը այսօր տվել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ձերբակալման հրամանագիրը: Այդ մասին հաղորդում է itar-tass.com կայքը:
Նույնատիպ ձերբակալման հրամանագիր է տրվել նաև Մ. Քադաֆիի որդու Սեյֆ ալ-Իսլամի և լիբիական հետախուզության ղեկավարի անունով` կապված մարդկության դեմ գործած հանցանքների մեղադրանքների հետ:
Հիշեցնենք, որ Հաագայի միջագզային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ ապստամբների շրջանում վախի տարածման և այլակարծության ճնշման նպատակով, Քադաֆին հրամայում է իր զինվորներին բռնաբարել հարյուրավոր կանանց:
Մորենո-Օկամպոն իր նյույորքյան ներկայացուցչությունում հայտարարել է, որ բռնաբարությունը նոր ձև է Քադաֆիի բռնաճնշումների արսենալում, և եթե մինչ այդ, նրանց մոտ կային կասկածներ, ապա հիմա ավելի շատ են համոզվում դրա իսկության մեջ:
Նա ավելացրել է, որ Միջազգային քրեական դատարանն այժմ ավելի շատ փաստեր է ստանում, որոնք ցույց են տալիս, որ Քադաֆին օգտագործել է բռնաբարությունը որպես հաճախ օգտագործվող պատժի և վախի ներշնչման ձև:
Մորենո-Օկամպոյի խոսքերով` այժմ ստուգվում են այն տեղեկությունները, որ բռնաբարությունների իրականացման համար անվտանգության ծառայությունների աշխատակիցները ստանում էին սեռական ձգտումները ավելացնող դեղորայք: