29/06/2011 11:52
Հայ 7 ալպինիստներ կբարձրանան իրանական Դեմավենդը
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին 15 տարիներին պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին և լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները:
Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան ից իր գործունեությունը սկսել է 2011 թվականի մարտի 1ից: Ֆեդերացիայի նպատակներն են` երկրում լեռնային սպորտաձևերի զարգացումը, երիտասարդության ներգրավումը ակտիվ հանգստին, Հայաստանի ներկայացումը միջազգային ալպինիստական կառույցներում: Ֆեդերացիայի նախագահն է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:
Հայաստանում ալպինիզմի ակտիվ զարգացումը նկատվեց անցած դարի 30-ական թվականներին: 1935 թ.-ին Հայաստանի ամենաբարձր կետը` Արագած լեռը, միաժամանակ բարձրացավ 1000 մարդ: Այդ միջոցառման ղեկավարը Վահրամ Դարյանն էր, որի ուժերով և նվիրվածությամբ 1950 թվականին Հայաստանում ալպինիզմով զբաղվողների թիվը հասավ 1500 –ի: Այդ ցուցանիշը մինչ օրս չի գերազանցվել: