29/06/2011 10:40
Ահաբեկիչները հարձակվել են Քաբուլի խոշոր հյուրանոցներից մեկի վրա
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկիչները հարձակում են գործել «Intercontinental» հյուրանոցի վրա: Այդ մասին հղում անելով Associated Press-ին հաղորդում է rbc.ru կայքը:
Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, հյուրանոցի շենք մուտք են գործել 4 մահապարտ-ահաբեկիչ և պայթեցրել իրենց, ևս մի քանի ահաբեկիչներ ինքնաձիքներից կրակ են բացել շենքի կտուրից, ինչի հետևանքով, ճշտված տվյալների համաձայն, կան 7 զոհեր և 8 վիրավորներ, իսկ մինչ այդ հաղորդվում էր 10 զոհերի մասին:
Իրավապահների և ահաբեկիչների հակամարտությունը շարունակվել է մի քանի ժամ, այժմ հյուրանոցի ազատման գործողությունը ավարտված է, իսկ բոլոր ահաբեկիչները` սպանված:
Աֆղանստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են հյուրանոցի մեջ գտնվող ահաբեկիչներին, իսկ ՆԱՏՕ-ի ուղղաթիռները կրակ են բացել շենքի կտուրում գտնվող ահաբեկիչների վրա:
Այժմ կատարվում են շենքի զննման աշխատանքները` պայթուցիկ նյութերի և այլ զոհերի և վիրավորների հայտնաբերման ուղղությամբ:
Իրավապահ մարմինները հայտնում են, որ հյուրանոցը վայելում է օտարերկրացիների համակրանքը և մինչև հարձակումը այնտեղ են գտնվել 60-70 մարդ, իսկ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հյուրանոցի հաճախորդները իջել են ռեստորան ընթրելու:
Նշենք, որ տվյալ հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: